Իշխանությունը փորձում է մոնոպոլիզացնել տնտեսությունը՝ հույս ունենալով, որ կվերարտադրվի նաև 2026-ից հետո։
Հարկային նոր օրենսգիրքը ոչ այլ ինչ է, քան՝ տեռոր տնտեսվարողների դեմ, իսկ միտումը՝ վերացնել մանր ու միջին բիզնեսը։
Իշխանությունների որդեգրած կասկածելի վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ ՔՊ-ն փորձում է կրկնել «Բաթումիի սցենարը»։
Տրանսպորտային ապաշրջափակում լինելու է, սակայն ընդդիմության ու իշխանության տեսակետների տարբերությունը կայանում է հետևյալում.
1. Ընդդիմությունը պնդում է, որ չպետք է գործի Գյումրու «չոր նավահանգիստը», և ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, պետք է մաս կազմի ՌԴ-Իրան դաշնակցային կոնֆիգուրացիային։
Այս պարագայում ՀՀ-ի արդյունաբերական արտադրանքը կարող է արտահանվել և՛ ԵԱՏՄ անդամ երկրներ, և՛ ԻԻՀ-ի տարածքով Մերձավոր Արևելք, ինչը ՀՀ-ի զարգացման տեսանկյունից, բնականաբար, ճիշտ դիրքորոշում է, քանի որ չկա հզոր երկիր, եթե այդ երկիրը չունի արդյունաբերություն. այսինքն, երկրում ստեղծված արտադրանքը վերածվում է դրամական միավորի և վերադառնում երկիր։
Հաշվի առնելով ՀՀ-ի (հատկապես Սյունիքի մարզի) բնական պաշարները՝ այս մոտեցումը միանգամայն բխում է ՀՀ-ի շահերից։
2. Իշխանությունը պնդում է, որ ՀՀ-ն պետք է դառնա տրանզիտ երկիր բոլոր երկրների ապրանքների համար, սակայն այս պարագայում թուրքական տնտեսությունը «կուլ կտա» ՀՀ տնտեսությունը՝ առաջնային վնաս հասցնելով գյուղատնտեսական արտադրանքին։
Հաշվի առնելով գործող վարչախմբի՝ ՌԴ-ից պոկվելու ցանկությունը, տասնապատիկ անգամ հայերին գերազանցող ադրբեջանցիների վերադարձը ՀՀ վտանգ է նաև ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ այս պարագայում կմեծանան նաև արտագաղթի տեմպերը, ու սկիզբ կդրվի հայոց պետականության կործանմանը։
Հ.Գ. Մարդիկ, ովքեր տարածում են՝ 2026-ի ընտրությունները հերթական շոուն են Նիկոլի վերարտադրության համար, կա՛մ չեն ընկալում աշխարհաքաղաքական իրավիճակը, կա՛մ իրապես չեն ցանկանում, որ երկրում իրավիճակ փոխվի։
Լևոն Մնացականյան